ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Թե ուժ ես գտնում՝ դու էլ երազիր

Թե ուժ ես գտնում՝ դու էլ երազիր
17.09.2025 | 19:34

Աշնանային արևոտ առավոտ էր: Հրաշք է աշնան արևը, չի այրում, ջերմացնում է: Ես չգիտեմ՝ գարնանային կանաչն ու ծաղիկնե՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ աշնանային խենթացնող գույները: Ասես նկարել չիմացող երեխայի ալբոմ լինի: Ինչքան գույն կա՝ իրար վրա լցրած է: Ինչքան գույն կա՝ իրար է խառնած:

Գնում ենք Սաքո պապի գերեզմանը փորելու: Տխուր ենք: Լավ մարդ էր Սաքո պապը: Չէ, մահացածի հետևից կամ լավը, կամ ոչինչ սկզբունքով չեմ ասում, իրոք ազնիվ ու կամեցող մարդ էր: Ուտող-խմող մարդ էր՝ ոնց մեծերն են ասում:

Ուսանող էինք. քաղաք գնալիս մեքենան կանգնեցրեց, մեզ համար պաղպաղակ բերեց: Նստել էինք ուտելու, ինձ ասում էր՝ քո համար քաղաք տուն եմ առնելու, էս գնալ-գալուց պրծնես, լավ սովորես: Ծիծաղում էինք: Ինքն էլ թե՝ լակոտ, ինչու՞ ես ծիծաղում, լուրջ եմ ասում, մի լավ տուն գտի, առնեմ քո համար…

Հասել էինք գերեզմաններ. սկսեցինք փորել: Մի քանի հոգով էինք: Սաքո պապը քաղաքում էր ապրում, ու նոր սերնդից շատերը նրան չէին ճանաչում, դրա համար էլ չէին եկել օգնելու: Նստեցինք ծխելու, ձեռքի հետ էլ հեռախոսն էինք փորփրում:

Արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թշնամին ձեռնարկել է հարձակում: Պատերազմ է: Հայկական կողմից զոհեր կան: Թերթում եմ՝ ամենուր նույն բանն է: Թվում էր՝ սուտ է: Թվում էր՝ կեղծ լուր է: Թվում էր՝ մեկ րոպե հետո կհերքեն կամ կասեն, որ կրակոցները դադարել են: Թվում էր:

Էլ ձեռքերիս մեջ ուժ չկար փորելու, բայց դե, փորում էինք: Մեկս փորում էր, մյուսը լուրերն էր կարդում: Ինչքան իջնում էր փոսը, Էնքան սարսափելի էին դառնում նորությունները: Պատերազմ, զոհեր: Թվում էր, թե ամենավատ բանն արդեն եղել է: Թվում էր: Երկու-երեք ժամ էր անցել, համարյա վերջացնում էինք, բայց ինձ թվում էր, թե մի ամբողջ կյանք էդ փոսում եմ եղել: Շունչս կտրվում էր:

Ընկերոջս զանգ եկավ: Ալո, ու էլ ոչ մի բառ: Սառած նայում եմ դեմքին: Վախենում եմ հարցնեմ՝ ի՞նչ է եղել: Աչքերից արցունքներ են գնում: Փոսից դուրս թռա, գրկել ու հետը լացում եմ: Էգոիստաբար լռում եմ: Վախեում եմ անունը հարցնել: «Վահեն…»,- իր մեջ ուժ գտնելով՝ ասում է ընկերս: Վահեն, մեր Վահեն: Վահեն աչքիս առաջ ժպտում էր: Չէի ուզում հավատալ: Բայց ոչ մեկը չէր հարցնում՝ ուզու՞մ ես հավատալ, թե չէ: Վահեի կապույտ աչքերը:

Վազելով իջնում էինք գերեզմաններից: Տեսնես ու՞ր էինք վազում: Ես չգիտեի, որ ցավը էդքան ուժեղ կարող է լինել: Չգիտես՝ որ մասդ է ցավում, սի՞րտդ, գլու՞խդ, հո՞գիդ, ձեռքե՞րդ կամ էլ մեջքդ: Մարմնիդ բոլոր մասերը ցավում են: Թվում է՝ փշրվում են ոսկորներդ: Թվում է՝ մատով կպնեն, փոշու նման կթափվես ցած, կքանդվես:

Ամեն անցնող օրվա հետ էդ ցավը ավելի խորացավ: Ամեն հաջորդ րոպեն ավելի շատ էր փոշեղեն դարձնում ներսդ ու մարմինդ: Հետո էլ արևից տաքանալ չէր լինում, որովհետև մի պայծառ արև պակասում էր կյանքում: Հետո արևից նույնիսկ մրսում էիր:

Երբ գերեզմաններում կանգնած լացում էինք՝ Մհերը, ով արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, ասաց՝ Աստված էլ բեթարից ազատից: Թվում էր՝ ասածը հիմարություն է: Պահի ու ցավի ազդեցության տակ ասված անմիտ խոսք: Հետո հասկացանք, հետո տեսանք, հետո զգացինք՝ ինչ էր ասում: Հիմա հասկանում ենք:

Մենք երբեմն նախանձում էինք Վահեին: Բարձրահասակ, կապույտ աչքերով Վահեին դպրոցում շատ աղջիկներ էին սիրահարվում: Էն ժամանակ հեռախոս չկար, ու առավել համարձակները նամակներ էին ուղարկում: Վահեն կարդում էր բոլոր նամակները, հետո զգուշորեն դնում էր պայուսակի մեջ: Մենք էլ իբր թե ծիծաղում էինք: Հիմա դրան բարի նախանձ են ասում: Մեր ամբողջ կյանքում Վահեն եղավ ու մնաց լավագույնը: Վահեն առաջիններից էր, ով մնաց հաղթած: Մենք հիմա կձևացնենք, թե ապրում ենք: Ապրողը ինքն էր, ապրողը ինքն է, ինքն է մնացողը:

Լուսինեն Վահեի կյանքի միակ ու մեծ սերն էր: Չգիտեմ՝ ինչի էդքան նամակներից Վահեն որոշեց պատասխանել հենց Լուսինեի նամակին, բայց գիտեմ՝ ինչքան սիրուն էր իրենց սերը: Գիտեմ՝ ինչքան կյանք ու երազանք կար էդ սիրո մեջ:

Ձմռան գիշեր է, դրսում կանգնած ծխում ենք: Հեռվից երաժշտության ձայն էր լսվում: «Ի՞նչ երաժշտություն է»,- հարցնում եմ ընկերոջս: «Ծնունդ է»,- պատասխանում է: «Ծնու՞նդ»,- զարմացած նայում եմ: «Հա, մի զարմացի, մարդկանց համար կյանքը շարունակվում է»: «Հա»,- ու լռում եմ:

Կյանքը շարունակվում է, երբ Լուսինեն քեզ խնդրում է իր ծննդյան տորթը Վահեի գերեզմանին կտրել: Դու էլ կտրում ես՝ հանուն Լուսինեի խնդրանքի, որովհետև Վահեն երբեք նրան ոչինչ չէր մերժի: Հետո ծամում ես էդ տորթը ու քեզ խոտ ծամող անասուն ես զգում: Ծամում ես, որովհետև Լուսինեն ասել է՝ Վահեն կնեղանա, եթե չուտես: Կյանքը շարունակվում է, երբ ամեն օր թարմ ծաղիկներ ստացող Լուսինեն ամեն օր ծաղիկներ է տանում Վահեին:

Թող շարունակվի: Ուզենք, թե չէ՝ կշարունակվի: Վահեն կիսատ է թողել, որ շարունակվի: Վահեն սիրում էր կյանքը, զգում էր, ապրում էր: Վահեն երազում էր, թե ուժ ես գտնում, դու էլ երազիր:

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 155

Մեկնաբանություններ